ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) տվյալով՝  Վրաստանի երեխաները նախկինի պես ամենաաղքատն են:

Երկրում աղքատության շեմին գտնվող երեխաների թիվը 2011թ. 25 տոկոսից 2013թ. աճել է 27 տոկոսի: Վերջին երկու տարում երեխաների ծայրահեղ աղքատության ցուցանիշը կրճատվել է, սակայն նախկինի պես գերազանցում է բնակչության մնացած մասի աղքատության մակարդակը, հայտարարել է  Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների տարածաշրջանային տնօրեն Մարի Պիեռ Պուարյեն:

«Եկամտի անհավասարության առումով Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում: Երկրում ծայրահեղ աղքատության ցուցանիշը 4 տոկոս է, երեխաների շրջանում՝ 6 տոկոս: Կարեւոր է վաղ տարիքում երեխայի զարգացման համար ներդրումների առկայությունը: Դա մենք համոզել ենք բոլոր նախարարություններին, մնում է ֆինանսների նախարարությունը», - հայտարարել է Մարի Պիեռ Պուարյեն:

UNICEF-ի տվյալով՝ տարածաշրջանում նախկինի պես մայրերի մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել: Մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշով Վրաստանը Կենտրոնական Ասիայում եւ Եվրոպայում երրորդ տեղն է զբաղեցնում, ինչը եռակի գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը:

15 տարեկան երեխաների երկու երրորդը ընթերցանության, մաթեմատիկայի եւ բնական գիտությունների համապատասխան գիտելիքներ չունեն, ինչը Եվրոպայում ամենավատ ցուցանիշն է: Այդ ցուցանիշը մոտ երեք անգամ գերազանցում է Եվրոպայի միջին ցուցանիշը: Երեխաների մեկ երրորդի համար նախադպրոցական կրթությունը մատչելի չէ: