Բարդ իրավիճակն Ուկրաինայում, մասնավորապես Ղրիմում, արդեն կանխատեսելի տնտեսական հետեւանքների է հանգեցրել: Մատ ապագայում, եթե Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտությունը չկարգավորվի, իրադարձությունները կարող են գլոբալ բնույթ կրել՝ արդեն անկանխատեսելի հետեւանքներով:
Ամերիկյան հեղինակավոր բանկերից մեկի գնահատմամբ՝ ռուսական զորքերի Ղրիմ ներխուժման դեպքում Ռուսաստանի համար վնասը կկազմի մոտ 66,7 տրլն ռուբլի, կամ ՀՆԱ 3 տոկոսը: Ընդ որում նշվում է, որ ռուսական բնական գազի 30 տոկոսը տարանցիկ արտահանվում է Ուկրաինայի տարածքով, նույնքան գնում է ինքն Ուկրաինան:
Շվեյցարական բանկի մասնագետները ենթադրում են, որ Ղրիմում իրադարձությունների հետագա զարգացումը կարող է հանգեցնել Եվրամիության կողմից «Հարավային հոսքի» շինարարության դադարեցման, նույնիսկ ռուսական բնական գազից հրաժարման:
Կան նաեւ ուղիղ համեմատական կարծիքներ նույն այդ Եվրոպայում: Եվրոպական հեղինակավոր ընկերության փորձագետներ համարում են, որ Ուկրաինայի իրադարձությունները կարագացնեն այլընտրանքային այդ գազատարի շինարարությունը: Այն իմաստով, որ քաղաքականությունը քաղաքականությամբ, իսկ էներգակիրներն անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի:
Ռուսաստանի արժութային բորսան նույնպես հասցրել է արձագանքել կոնֆլիկտին: Մարտի սկզբից սկսեց անկում ապրել ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի ու եվրոյի համեմատ: Ի պատասխան Ռուսաստանի բանկն առանցքային տոկոսադրույքը հասցրեց մինչեւ 7 տոկոսի:
Այդ որոշումը հիմնավորվում է անհրաժեշտությամբ կանխել հնարավոր ռիսկերը գնաճի եւ ֆինանսական կայունության համար: Ռուսական կոմերցիոն բանկների առանձին ներկայացուցիչներ համաձայնում են, որ սա թույլ կտա զսպել գնաճը: Սակայն հավելում են, որ հետագա անկման դեպքում ներկրվող ապրանքների գինը կբարձրանա:
ԱՄՆ-ը Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներով սպառնաց, եւ այդ ուղղությամբ արդեն առաջին քայլերն է ձեռնարկում: Մասնավորապես հնարավոր են ռուսական պետական հաստատությունների եւ անհատ ներդրողների հաշիվների սառեցում: Ի պատասխան Ռուսաստանը խոստացել է ապահովել ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի անկումը(ամերիկյան կողմի տվյալներով Ռուսաստանի ներդրումներն այդ պարտատոմսերում կազմում են 139 մլդր դոլար):
Կրկին հնչեցվում են ռուսների հին գաղափարներն արտաքին տնտեսական հաշվարկներում որպես համաշխարհային արժույթ ամերիկյան դոլարից հրաժարվելու վերաբերյալ: Ավելանում են ռուսական կողմի սպառնալիքները ԱՄՆ-ին վերադարձնել վարկերը: Հարցականի տակ են դրվում երկու երկրների մի քանի միլիոն դոլարանող ներդրումները…
Նշենք, որ սա Ռուսաստանի հանդեպ տնտեսական հնարավոր պատժամիջոցների եւ նրա պատասխան գործողությունների միայն մի մասն է: Ինչպես կանդրադառնան այս իրադարձությունները Հայաստանի համար, դեռ դժվար է գուշակել: Պարզ է միայն, որ կոնֆլիկտի հետագա զարգացումը հետհարված կկատարի մեր երկրի տնտեսությանը:
Օտարերկրյա լրատվամիջոցների տեղեկատվությունը նախապատրաստեց Սմբատ Գրիգորյանը



























