Աֆղանստանում տարեկան արտադրվում է հերոինի 150 մլրդ մեկանգամյա դոզա: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի թմրանյութերի վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը՝ Պետական հակաթմրանյութային կոմիտեի նիստի ժամանակ:
Իվանովը հավելել է նաեւ, որ միայն նախորդ տարվա ընթացքում Աֆղանստանում օփիումային կակաչի դաշտերի մակերեսը 150 հազար հա-ից հասել է 209 հազարի:
Նա նշել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական գործողություն սկսելուց հետո ՄԱԿ-ը գրանցել է, որ այդ երկրում թմրամիջոցների արտադրությունը հասել է աղետալի չափերի: Հերոինի արտադրությունն ավելացել է ավելի քան քառասուն անգամ:
Ավելին՝ Իվանովը վստահ է, որ ԱՄՆ-ն Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության դեմ պայքարի ռազմավարություն չունի, երբ միջազգային ռազմական կոնտինգենտը դուրս բերվի այդ երկրից, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: Պաշտոնյան կարծում է, որ ԱՄՆ ու ՆԱՏՕ-ն ուղղակիորեն պատասխանատու են Աֆղանստանում թմրամիջոցների արտադրության աղետալի աճի համար:



























