Գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանը առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:

Նա նշեց, որ զրուցել է Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնի պետի հետ, ով այցելել է Մամիկոն Խոջոյանին եւ տեղեկացրեց, որ առողջական վիճակը նորմալ է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

«Այս պահին գիտակցություն դեռ չունի, ոչ մեկին չի հիշում, մարդ չի ճանաչում, բայց իրեն նորմալ է զգում, անալիզների պատասխանն էլ է նորմալ: Այսօր նրան կայցելեն «Կարմիր խաչից», ԵԱՀԿ-ից եւ եթե վիճակը նորմալ լինի, հնարավոր է այսօր դուրս գրեն եւ բերեն գյուղ»,- ասաց Կամո Չոբանյանը:

Նշենք, որ մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է Իջեւանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ եւ վնասվածքներ: Նշված վնասվածքների մասին չէր ասվել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նախկինում հեռարձակված տեսանյութերում եւ հաղորդագրություններում, ինչը վկայում է, որ Մամիկոն Խոջոյանը վնասվածքները ստացել է ադրբեջանական կողմում գերության մեջ գտնվելու ժամանակահատվածում: Անցկացված բժշկական զննության արդյունքում կազմվել է արձանագրություն, կատարվում է հետաքննություն: