«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գրիգորյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում կատարվող ծառայողական քննությունը կասեցվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նա նշեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի պատճառով:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀԱԿ ակտիվիստները Սարյան փողոցում ժամը 18:00-ի սահմաններում մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման թռուցիկներ բաժանելիս վեճի էին բռնվել մի խումբ տղաների հետ, որից հետո բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ այդ տղաները ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են: Նրանց թվում են Հայկ Ղեւոնդյանը՝ Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահը, Դանիել Հայրապետյան՝ ուսխորհրդի անդամ, Գեւորգ Սողոմոնյանը՝ ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ:
Համացանցում հայտնվել էր նաեւ տեսանյութ, որտեղ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է գործադրվում: Լրագրողի խոսքով, ոստիկանները բաժնում խլել էին իր տեսախցիկը, իսկ բաժնի պետը հարվածել էր նրան: Դեպքի առթիվ ՀՔԾ-ում ՀՀ ՔՕ 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























