Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկանում է, որ ՀԱԿ-ի՝ քաղաքական նշանակալիության ձեռքբերումը հնարավոր է ավելի ուժեղ խաղացողների համագործակցության դեպքում, ինչպիսին ԲՀԿ-ն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

Ադիբեկյանի խոսքով՝ եթե գնահատել ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի քաշը, ապա ամենազանգվածայինը ԲՀԿ-ինն է՝ կազմակերպչական, ֆինանսական ու կադրային առումներով: Սոցիոլոգը հիշեցրել է, որ Հայաստանի համայնքներից ավելի քան 50-ի ղեկավարները այդ կուսակցության անդամներ են: «Եթե մեր ընդդիմադիր առաջնորդները չտառապեին «Նապոլեոնի համախտանիշով» ու նրանցից յուրաքանչյուրը չձգտեր երկրի նախագահ դառնալ, ապա չորս ուժերը՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառնագությունը», կարող էին միավորվել ու ավելի հզոր ուժ դառնալ»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով Հայաստանում ուկրաինական իրադարձությունների կրկնման հավանականությանը՝ նա նշել է , որ հայերը հեղափոխական չեն: Ըստ նրա՝ հայը փախչում է այնտեղից, որտեղից նրա վրա ճնշում են գործադրում եւ չի փորձում բարելավել իրավիճակը, որպեսզի իր համար լավ լինի:

Հիշեցնենք, որ մարտի մեկին կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ով կարողացավ փափուկ կերպով իշխանափոխություն անել»