Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ արդեն ունի համագործակցության պատմություն եւ փորձ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման բաժնի ղեկավար Ֆիլիպ Սիմչակի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ մատնանշելով ՀՀ Բագրատաշեն, Գոգավան եւ Բավրա` հյուսիսային երեք անցակետերի արդիականացման ծրագիրը: Եվրոպական ներդրումային բանկը հանդիսանում է այս համապարփակ ծրագրի համաֆինանսավորողը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ֆիլիպ Սիմչակը նշել է, որ Եվրոպական ներդրումային բանկը ներկայումս, համաձայն ԵՆԲ 2014-2020թթ. ֆինանսական ռազմավարության, ձեռնամուխ է եղել ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների ռազմավարական կարիքների վերլուծությանը եւ ֆինանսավորում է իրականացնելու կրթության, գիտության, առողջապահության, ենթակառուցվածքների արդիականացման, էներգետիկայի, ՓՄՁ-ների եւ մի շարք այլ ոլորտներում:

 Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկել Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի համար գերակա ծրագրերի ֆինանսավորման հարցեր: