Հայաստանյան մի խումբ ակտիվիստներ բաց պահանջագրով դիմել են «Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանին», պահանջելով վերացնել Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից:

Բաց պահանջագրում մասնավորապես, ասվում է.

«Բաց պահանջագիր Տարոն Մարգարյանին.

վերացրե՛ք Ռուսաստանի Դաշնության դրոշները հանրային տրանսպորտից

Պարոն Մարգարյան,

Երեւան քաղաքի հանրային որոշ փոխադրամիջոցներում տեսանելի եւ խոշոր չափսերով տեղադրված են Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշներ, մասնավորապես դրոշը. որոշները՝ Հայաստանի Հանրապետության դրոշի կողքին, որոշներն՝ առանձին (օրինակ՝ 26, 53 համարների ավտոբուսներում):

Սույն նամակով պահանջում ենք պարզել, թե ինչու է այլ երկրի պետականության խորհրդանիշը հայտնվել Երեւանի հանրային տրանսպորտում՝ հաշվի առնելով այն տարրական հանգամանքը, որ երեւանյան ավտոբուսները եւ երթուղային տաքսիները ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություններ չեն, հետեւաբար, չեն կարող արտահայտել այդ պետության հետ որեւէ առնչություն:

 Երկրորդ, պահանջում ենք ամենակարճ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ եւ ապահովել Ռուսաստանի Դաշնության խորհրդանիշների հեռացումը հանրային տրասպորտից, ՌԴ հետ առնչություն չունեցող այլ հանրային վայրերից: Տեղեկացնում ենք, որ հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված կարգը եւ ՀՀ ինքինիշխանությունը վերահաստատող այդ գործողությունները կիրականացնեն ինքնիշխան Հայաստանի քաղաքացիները:

Արթուր Ավթանդիլյան

Աննա Շահնազարյան

Լիլիթ Գեւորգյան

Լեւոն Գալստյան

Մերի Խաչատրյան

Նարեկ Բաբայան

Սուրեն Սահակյան

Շուշան Թումանյան

Սեդա Հայրապետյան

Հ.Գ. Պատասխան արձագանքը խնդրում ենք հրապարակել լրատվամիջոցներով եւ քաղաքապետարանի պաշտոնական կայքում»: