Թուրքիայի Վիրանշեհիր շրջանի Խիրբաբալակ եզդիաբնակ գյուղում  մահմեդականները քանդել են տեղի եզդիական գերեզմանատունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում հաստատված եզդիները, ովքեր դեռեւս հարազատներ ունեն, որոնք բնակվում են Թուրքիայում: Խիրբաբալակն այն քիչ բնակավայրերից է Թուրքիայում, որտեղ մինչեւ հիմա ապրում են եզդիներ:

Այս առնչությամբ «Սինջար եզդիների ազգային միավորումը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է. «Ինչպես հայտնի է մինչեւ այսօր էլ թուրքական պետությունը եւ թուրք հասարակությունը ոտնահարում են եզդիների իրավունքները: Նրանք եզդիներին համարում են մուսուլմանության թշնամիներ: Եզդիների նկատմամբ Թուրքիայում 1915 թվականից հետո հալածանքների մեծ ալիք սկսվեց 1980-ական թվականներին: Այդ ժամանակ եզդիները մեծամասմաբ լքեցին իրենց հայրենի օջախները:

Ներկայումս նախկին եզդիաբնակ գյուղերում հիմնակնում ապրում են քրդեր: Վերջին շրջանում,  տեղի քրդերի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, բազմաթիվ եզդիներ մտադրություն  ունեին հետ վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը եւ  վերցնել իրենց ընտանիքներին պատկանող հողերը:

Եզդիական գերեզմանատան քանդումը տեղացիները կապում են  եզդիների հնարավոր վերադարձի հետ: Այս կերպ մուսուլմանները եւ թուրքական պետությունը փորձում է  հիշեցնել, որ եզդիների նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռեւս չի մարել ու եզդիների համար Թուրքիա վերադառնալը անվտանգ չէ»: