Հայաստանում ուկրաինական դեպքերը չեն կարող կրկնվել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայում հեղափոխության նախադեպ կար, ինչը Հայաստանի չի եղել: «Հայ հասարակությունում կան հեղափոխական սպասումներ, բայց չկան այլ գործոններ, չկան, այսպես ասած, խողովակներ, որոնց միջոցով ուկրաինական Մայդանը կարողանում էր կապվել միջազգային հանրության հետ»,-նշել է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա ընդդիմություն, 4 քաղաքական ուժեր համագործակցում են, բայց նրանցից 3-ը երկրի արտաքին քաղաքականության տեսանկյունից եվրոպական տեսլական չունեն:

«Երեք քաղաքական ուժեր՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն, կողմ են հանդես եկել Հայաստանի՝ Մաքսային միությանն ու Եվրասիական միությանն անդամակցությանը»,-ընդգծել է Սաֆարյանը՝ հավելելով, որ Հայաստանում իշխանությունը համաձայնել է, որ երկիրը դառնա ՄՄ անդամ, իսկ ընդդիմությունը դեմ չէ դրան, եթե չասենք կողմ է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am