Էրդողանը փողի հանդեպ խիստ հակվածություն ունի եւ աթոռը չկորցնելու համար նույնիսկ պատերազմ կհրահրի: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության հիմնադիրներից Աբդուլաթիֆ Շեները:

Թուրքական BirGun պարբերականի հետ զրույցում Աբդուլաթիֆ Շեները, ով 2007-ին հեռացել էր կուսակցությունից, խոսել է 2013-ի «Մեծ կաշառք» գործողությունից եւ ինտերնետում հայտնված Էրդողանի եւ որդու միջեւ կաշառքներին վերաբերող հեռախոսազրույցներին։

«Կուսակցությունը ստեղծելու պահից սկսած 5 տարի Էրդողանի հետ միասին եմ աշխատել։ Հենց այդ ժամանակ էլ նկատել եմ, որ փողի նկատմամբ խիստ հակվածություն ունի եւ դա շատ էր ինձ անհանգստացնում։ Էրդողանի եւ որդու միջեւ հեռախոսազրույցները մոնտաժված չեն, դրանք իրական են։ Նրանք  երկրի պատմության մեջ դեռ չտեսնված թալան են իրականացրել Թուրքիայում»,-ասել է Շեները՝ հավելելով, որ Էրդողանը աթոռը պահելու համար երկիրը նույնիսկ արյունոտ պատերազմի կհրահրի։

Աբդուլաթիֆ Շեները, անդրադառնալով Էրդողանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը, նշել է, որ եթե մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններին իր ցանկացած քվեները ստանա, անպայման կառաջադրվի նախագահի թեկնածու։