Սիթի բանկը (որպես «Համակարգող», «Տեղաբաշխող» եւ «Լիազորված առաջատար կազմակերպիչ») Արդշինինվեստբանկի (Բանկ) հետ նախապատրաստել եւ ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: «Զենիթ» բանկ ԲԲԸ, «Ֆեդերեյթեդ Ինվեստորս» ամերիկյան ֆոնդը, «Լոնդոն ֆորֆեյթինգ» ՍՊ ընկերությունը եւ «ՎՏԲ բանկ (Գերմանիա)» ԲԸ հանդես են եկել որպես համատեղ առաջատար կազմակերպիչներ: «Ատլանտիկ Ֆորֆեյթինգ» ԲԸ եւ «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ նույնպես միացել են գործարքին` որպես վարկատուներ:

Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության: Արդշինինվեստբանկի դեբյուտային սինդիկացված վարկը կնքվել է հավելյալ բաժանորդագրությամբ` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ: Գործարքի միջոցները կօգտագործվեն Բանկի առեւտրային նպատակների համար: Մեկ տարեկան, առանց ապահովվածության տրամադրվող այս վարկի մարումը նախատեսված է պայմանագրային ժամկետի վերջում:

Նշենք, որ 2002թ. հիմնված Արդշինինվեստբանկը 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ ակտիվների մեծությամբ (668 միլիոն ԱՄՆ դոլար) 3-րդ խոշոր բանկն է Հայաստանի բանկային համակարգում: 2013թ. տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկը սպասարկում է իր հաճախորդներին (մոտ 220 հազար) իր 1,081 աշխատակիցների, 55 մասնաճյուղերի (2-րդ խոշոր մասնաճյուղային ցանցը) եւ 92 ԱԳՄ-ների միջոցով: Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները եւ ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% եւ 9.4%:

«Սիթի բանկը», հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ եւ գործում է ավելի քան 160 երկրներում: