Երկրապահ կամավորական միության անդամները «Նաիրի» հիվանդանոցից ուղեւորվել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Եռաբլուրում» ԵԿՄ տարբեր ստորաբաժանումներ ցուցադրական ելույթներ ունեցան, որոնցից վերջինը «Մալաթիա» ստորաբաժանումն էր: Այս ելույթից առաջ գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ապրի Սամվել Ալեքսանյանը», ներկաները՝ վարչապետ Տիգրան Սարգսյան, քաղաքապետ Տարոն Մարգարյան եւ այլք, սկսեցին ծիծաղել, իսկ Մանվել Գրիգորյանը ավելացրեց՝ «իրենց կհասցնենք, որ ես նման բան եմ ասել»:

ԵԿՄ «Մալաթիայի» ստորաբաժանումը պարեց երգչուհի Սոֆի Մխեյանի «Ճանաչիր Հայաստանը» երգի ներքո, իսկ ելույթից հետո կարմիր կուժեր կոտրեցին, որոնց վրա Թուրքիայի դրոշն էր պատկերված:

Հիշեցնենք, որ ԵԿՄ անդամները գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ մարտի 5-ին՝  սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող՝ սպարապետի մորը՝ տիկին Գրետային։ Գեներալ Մանվելը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, հարցրել որպիսությունը։