Հայաստանում սեյսմիկ հզոր ծառայություն ունենալու ուղղությամբ լուրջ քայլեր արդեն արվում են. վերազինվում է իր տեսակի մեջ եզակի Գառնիի սեյսմիկ դիտարանը: Այս մասին, մարտի 4-ին, Շիրակի մարզում հայտարարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն այցելել է Թալինի, Արթիկի, Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատներ, տեղում ծանոթացել աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին եւ տվեց համապատասխան հանձնարարականներ:
Նրա հաջորդ կանգառը Շիրակի մարզային փրկարարական վարչությունն էր, որտեղ եւս նախարարը շրջել է վարչության շենքում, եղել աշխատասենյակներում` ծանոթանալով աշխատանքային պայմաններին։
Գյումրում գտնվող Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունում ԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայության աշխատակիցների հետ: Այցի ավարտին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն`Շիրակի մարզպետի եւ մարզի համայնքային ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ հզորացվելու է 911 ծառայությունը եւ ճգնաժամային կառավարման կենտրոն է ստեղծվելու նաեւ Շիրակի մարզում:




























