Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ինքը համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, բացառելով Ֆեթուլլահ Գյուլենի գործոնը որպես միջնորդի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում առկա ներքին լարվածությունը՝ Էրդողան-Գյուլեն հակամարտության համատեքստում, արտահայտվում է միմյանց դեմ կոմպրոմատների հրապարակումների տեսքով: Այդպիսիք են, մասնավորապես, Էրդողանի հեռախոսազրույցների ձայնագրությունները, որոնք տարածվել են համացանցում:
Խուդավերդյանի խոսքով՝ Թուրքիայում հեղափոխության ծիլերն արդեն իրենց զգացնել են տալիս բողոքի ակցիաների տեսքով:
Հիշեցնենք, որ թուրք գրող, նախկին իմամ, իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը գրողների եւ լրագրողների հիմնադրամի պատվավոր նախագահն է: Նա «Հիզմեթ» հասարակական շարժման նախաձեռնողն ու հիմնադիրն է: 2013-ին Գյուլենը ներառվել է Time ամսագրի «աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցանկում: Գյուլեն-Էրդողան հակամարտության պիկը դարձավ 2013-ի դեկտեմբերի 17-ին սկսված սկանդալային «Խոշոր կաշառք» գործողությունը:




























