ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Բարաք Օբամայի աշխատակազմին եւ Կոնգրեսի անդամներին կոչ է արել Ուկրաինայի դեպքերին Արեւմուտքի պատասխանը մշակելիս «հատուկ զգուշավորություն» ցուցաբերել ՝ հասկացնելով, որ նրանք պետք է կենտրոնանան ՆԱՏՕ-ի  անդամների անվտանգության ամրապնդման, այլ ոչ թե նախկին խորհրդային երկրի հարցով Ռուսաստանի հետ հակամարտության վրա:

 «Կարծում եմ, հարկավոր է արտահայտություններում հատուկ զգուշավորություն, որպեսզի հռետորաբանությունը վնաս չտա», – հայտարարել է Գեյթսը:

Նա պարզաբանել է, որ Ղրիմում եւ Ուկրաինայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձեռքերում են հիմնական հաղթաթղթերը»:

Այդ պատճառով էլ, ըստ Գեյթսի, ամերիկյան քաղաքականությունը պետք է աշխատի հարեւան պետությունների անվտանգության ամրապնդման ուղղությամբ եւ ավելի խոր  ճգնաժամ չհրահրի, որտեղ Պուտինն առավելություն կունենա:

Գեյթսը նշել է, որ ԱՄՆ-ն պետք է օգնի ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Լեհաստանին եւ բալթյան երկրներին, ուժեղացնի Ռուսաստանի ապագա հնարավոր քայլերին դիմադրելու իր պատրաստակամությունը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պետք է, օրինակ, խրախուսի ՆԱՏՕ-ի օդային ուժերի ռոտացիան՝ ռուսական սահմաններում պաշտպանությունն ամրապնդելու համար: Հիմնականում հենց այդպիսի խաղը կարող է զսպել Պուտինին, քանի որ այն իրական է եւ կայուն: 

Գեյթսն ասել է, որ նախագահ Բարաք Օբաման ճիշտ է վարվում՝ խուսափելով ռազմական փոխազդեցության վարկածների վերաբերյալ դատարկ խոսակցություններից: «Ես կզգուշանայի՝ Սեւ ծով ռազմանավեր ուղարկելուց, - մանրամասնել է Գեյթսը: - Դա սպառնալից քայլ է, սակայն եթե դուք պատրաստ չեք որեւէ գործողության,  այն դատարկ քայլ է»:

Գեյթսը հերքել է կուսակից հանրապետականների հայտարարությունը, որ Օբաման նպաստել է Ուկրաինայում ճգնաժամի զարգացմանը, քանի որ ավելի ամուր դիրք չէր զբաղեցրել Սիրիայի եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցերով: 

Նույնիսկ եթե Օբաման ռմբակոծել է Սիրիան, Իրաքում զորքեր թողել կամ  ավելի խիստ քաղաքականություն վարել այլ հարցերում, ասել է Գեյթսը, «Ուկրաինայում նա կունենար գործողության նույն տարբերակները, իսկ Պուտինը՝ նույն հաղթաթղթերը»:

Գեյթսը հանրապետական սենատորներին կոչ է արել «մեղմացնել» իրենց քննադատությունը եւ «փորձել սատարել նախագահին՝ նրան մեղադրելու փոխարեն», հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով  Washington Post-ը: