Հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում կհասցվեն զարգացման նոր մակարդակի: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպան Հորբախը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի եւ Նիդերլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջեւ կապերի սերտացմանը եւ նշել, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ  հեռանկար  ու ներուժ ունեն:

Այնուհետեւ հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ  ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրել է  հողերի լիարժեք եւ արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության եւ տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը: Նա հատկապես կարեւորել է ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը: Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն հայտնեց այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:

Դեսպան Հորբախը նշել է, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: 2014 թվականի ամռանը Նիդերլանդների Էկոնոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի եւ պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող  ներկայացված ցանկացած  ծրագիր, նշել է նա:

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն  անդրադարձել է նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն,  նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են եւ պիտի աշխատենք ավելի խորացնել  ու ընդլայնել դրանք»: