Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ, պատմաբան Հասան Օքթայի Հայաստան այցը տեղի է ունեցել բոլոր հնարավոր սցենարների զարգացմանը, այդ թվում՝ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը Թուրքիայի ազգայնականներին նախապատրաստելու շրջանակում: Այս մասին մարտի 5-ի մամուլի ասուլւսում հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտում չկա:
Փորձագետը նշել է, որ երբ ստեղծվում էր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, դրա նպատակն էր Թուրքիայի ազգայնական խմբավորումները պահել իշխանությունների վերահսկողության ներքո եւ կառավարել նրանց գործողությունները՝ երկրի արտաքին քաղաքականությանը համապատասխան: Ըստ Խուդավերդյանի՝ այդ վերահսկողությունից դուրս գալու դեպքում ազգայնական շարժումները կարող են խնդիր դառնալ ինչպես հարեւան երկրների, այնպես էլ Թուրքիայի իշխանությունների համար: «Ինչ վերաբերում է «Գորշ գայլերի» նշանին, այն ավելի շատ հաղորդագրություն է Օքթայի կուսակիցների համար, իբր, «թեեւ ես այցելել եմ «թշնամական» երկիր, հավատարիմ եմ իմ գաղափարներին»», - ամփոփել է թուրքագետը:
Հիշեցնենք, սկանդալի առիթ էին դարձել Օքթայի՝ Հայաստանում արված լուսանկարները, որտեղ նա ՀՀ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի հետ է, նկարներից մեկում էլ Օքթայը իր շարժման անդամներից մեկի հետ Հանրապետության հրապարակում ցույց է տալիս «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը:




























