Հայաստանում կարող է մեկնարկել գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագիր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը: Ըստ նրա՝ ծրագրին մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկը, որի հետ էլ բանակցություններ են տարվում: «Եթե ծրագիրը համաձայնեցնենք, ապա առաջին նախագիծը կիրականացվի անասնաբուծության ոլորտում»,-ընդգծել է Գալստյանը: Նա դժվարացել է պատասխանել ժամկետների ու մասշտաբների վերաբերյալ հարցին, քանի որ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել:

Ըստ նրա՝ գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի նվազմանը կարող են նպաստել նաեւ հակակարկտային կայանները: Այս տարի, հիշեցրել է փոխնախարարը, կայանները ղեկավարվելու են միասնական կենտրոնից: Բացի այդ, մինչեւ ապրիլի վերջ ծրագրվում է տեղակայել ութսուն նոր կայաններ, որոնցից 50-ը Արմավիր մարզում, մյուսները՝ Արագածոտնի, Լոռիի, Արարատի: