ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել են ադրբեջանական գերությունից հայրենադարձված 77-ամյա ծերունի Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքների մասին:

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին մարտի 5-ին կայացած ԵԱՀԿ դիտարկման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը եւ Ուիլյամ Փրայորը տեղեկացվել են Մամիկոն Խոջոյանի  մարմնին հատնաբերված բազմաթիվ վնասվածքների մասին: ԵԱՀԿ ներկայացուցիչները տեղեկությունն ի գիտություն են ընդունել: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գերությունից հայրենադարձված Մամիկոն Խոջոյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տվյալների՝ ծերունին հրազենային վերք ունի, կոտրվածք, վնասվածքներ:

Ադրբեջանն արդեն «պարզաբանել է» Մամիկոն Խոջոյանի մարմնական վնասվածքների առկայության փաստը: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի՝ Մ. Խոջոյանը գերի էր ընկել արդեն վիրավոր:  «Նրան տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Բաքու, որտեղ բուժզննում է անցել Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր հիվանդանոցում: Բժիշկները նրա ձեռքից փամփուշտ են հանել եւ բուժօգնություն ցուցաբերել»: Այդ պնդումը կասկածելի է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում ակնհայտ է Խոջոյանի  հոգեվիճակի վատացումը եւ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի մասին բողոքները:  

Սահմանամերձ Վերին Կարմրաղբյուր հայկական գյուղի տարեց բնակիչ Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական կողմում էր հայտնվել հունվարի 28-ին: Ծերունին հոգեկան խանգարում ունի:

Չնայած ակնհայտ հոգեկան խնդիրներին, ադրբեջանական կողմը փորձել էր նրան ներկայացնել «դիվերսիոն խմբի ուղկցող» եւ գերության մեջ էր պահել մեկ ամսից ավելի: Հավանաբար, Ադրբեջանի հատուկ ծառայությունները ծերունուն փորձեին ներկայացնել նաեւ որպես«դիվերսանտ», եթե նման գաղափարն ակնհայտ անհեթեթ չլիներ: