«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գտնվող Պարույր Հայրիկյանն ապաքինվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա նշեց, որ իր վիճակն այժմ դեպի լավն է գնում, դեռ հիվանդանոցում է եւ հավանաբար մինչեւ շաբաթվա վերջ կմնա այնտեղ: «Բուժումը երկար պետք է շարունակվի, երեւի գնամ տուն, գամ բուժման»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:

Նշենք, որ «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը մարտի 2-ին, տեղափոխվել է «Իզմիրյան» բժշկական կենտրոն եւ անմիջապես վիրահատվել հայտնաբերված պարապրոկտիտի (ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում) կապակցությամբ:

Կապ ունի այս բարդացումը 2013թ  հունվարի 31-ին իր դեմ կատարված մահափորձի հետ, թե ոչ, բժիշկները միանշանակ չեն կարող ասել: «Տարբեր կարծիքներ կան, մեծ քանակությամբ հակաբորբոքային դեղամիջոցներ որ օգտագործել եմ, ասում են՝ դա կարող է նպաստել»,- ասել է ԱԻՄ առաջնորդը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am