Մարտի 4-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Քանաքեռ-Զեյթունի, Հրազդանի բաժինների եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, իրացնելու եւ գործածելու կասկածանքով, Ազատության պողոտայի, Պարույր Սեւակի եւ Թբիլիսյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 29-ամյա Գուլիա Դ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա դրամապանակում հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 5 հաբ եւ նույն հաբի 3 կտոր, որոնք, ըստ նրա հայտարարության, իր ամուսին` ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ, 1980 թ. ծնված Ալեքսանդր Վ.-ի խնդրանքով Թբիլիսյան խճուղում իրեն է փոխանցել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը:
Նույն օրը Երեւան-Սեւան մայրուղու 39-րդ կմ-ում գտնվող նախկին ՃՈ անշարժ հենակետի մոտից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել 33-ամյա Իշխան Մ.-ն, իսկ ժամը 20.00-ին նշված վայրից` 57-ամյա Խաչատուր Մ.-ն` իր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով: Վերջինս մինչեւ բաժին բերման ենթարկվելը` ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել մի քանի փաթեթ:
Նշված վայրից հայտնաբերված 4 փաթեթների մեջ առկա են եղել 1.2 գ եւ 1.3 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, ծխախոտի փայլաթղթի մեջ փաթեթավորված «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող դեղահաբ եւ դեղահաբի 2 կտոր:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























