Փորձագիտության ազգային բյուրոյի մասնագետները ակտիվացնում են համագործակցությունը ռուսաստանցի գործընկերների հետ:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի մամուլի պատասխանատու Լանա Մշեցյանը, այսօր՝ մարտի 5-ին կայացել է տեսակոնֆերանս, որը կազմակերպել է Ռուսաստանում ու ԱՊՀ-ում LECO Corparation-ի ներկայացուցչությունը:
Տեսագիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից։ Նշենք, որ LECO Corparation կազմակերպությունը հանդիսանում է ժամանակաթռիչք մասս-սպեկտրասկոպիական (TOF MS) տեխնոլոգիայի եւ առաջավոր ծրագրային ապահովման մշակման, դրանց, ինչպես նաեւ անալիտիկ սարքավորումների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը։ Նշված սարքավորումները կիրառվում են տարբեր հետազոտական բնագավառներում, որը եւ հանդիսանում էր նշված տեսագիտաժողովի թեման։ Տեսագիտաժողովի զեկուցողն էր վերը նշված կազմակերպության մոսկովյան ներկայացուցչության քրոմատոգրաֆիայի եւ մասս-սպեկտրասկոպիայի բաժնի մասնագետ Գուլնարա Շայդուլինան։
Մեկ ժամվա ընթացքում լսարանին ներկայացվել է տեղեկատվություն LECO Corparation կազմակերպության կողմից արտադրվող նորագույն սարքավորումների եւ դրանց ծրագրային ապահովման, յուրահատկությունների եւ առավելությունների, ինչպես նաեւ սարքավորումների քրեագիտական եւ դատաբժշկական փորձաքննությունների ժամանակ օգտագործման հնարավորության մասին։ Ըստ տեսագիտաժողովի մասնակից, պայթյունատեխնիկական եւ հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանի. «Նորագույն սարքավորումների հետ ծանոթացումը կարեւոր է եւ ստացված տեղեկատվությունը հաշվի կառնվի բարձրտեխնոլոգիական սարքավորումների գնման ժամանակ»։



























