Երկու ամիս առաջ վթարի ենթարկվելու հետեւանքով դերասան-շոումեն Գրիշա Աղախանյանի մեքենան դեռ անսարք է, իսկ նա երթեւեկում է տաքսիներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիշա Աղախանյանը:
Նա նշեց, որ քանի որ այլեւս չէր կարող գումար վատնել տաքսիներով երթեւեկելու համար, որոշել է մեքենան վերանորոգել իր միջոցներով: Իսկ մեքենայի վերանորոգման գումարը կազմում է մոտ 2000 դոլար, ավտոմասերի մի մասն էլ բերել է ԱՄՆ-ից: Դերասանը հույս ունի, որ երկու շաբաթվա ընթացքում մեքենան կվերանորոգեն: «Ես ընդհանրապես վթարի մեջ որեւէ մեղավորություն չունեմ: Վթարը եղել է լուսացույցի անսարքության պատճառով, հիմա կարծես գործ է հարուցված, խոսել եմ քննիչի հետ, ով ասել է, որ թղթաբանությունն ամբողջությամբ ավարտվել է եւ այն ուղարկում են դատարան: Չեմ կարող այդքան սպասել, տեսնել՝ երբ են մեղավորները պարզվում, ով պետք է փոխհատուցի, իմ միջոցներով կվերանորոգման մեքենաս»,-ասաց Գրիշա Աղախանյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 8-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Մաշտոց-Թումանյան փողոցներին խաչմերուկում միմյանց են բախվել «Նիսսան», «Ֆոլքսվագեն» եւ «Շեվրոլետ» մակնիշի մեքենաները: «Շեվրոլետ» մակնիշի մեքենան վարել է Գրիշա Աղախանյանը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ տարեսկիզբը վատ մեկնարկեց հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների համար, այս տարվա առաջին օրերին վթարի են ենթարկվել երգչուհի Լիլուն, դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, Գրիշա Աղախանյանը:




























