Վանաձորի 34-ամյա բնակչուհի Թեհմինե Վ.-ն մեղադրվում է հարեւանուհուն՝ Մադոնա Խ.-ին ապակու բեկորով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 6-ին: 34-ամյա Թեհմինեն վիճաբանել է հարեւանուհու՝ Մադոնա Խատոեւայի հետ, որի ընթացքում Թեհմինեն քար է նետել եւ կոտրել Մադոնայի տնակի պատուհանի ապակին: Մադոնան էլ իր հերթին է քար նետելով կոտրել Թեհմինեի տնակի պատուհանի ապակին: Դրանից հետո Թեհմինեն, գետնից վերցնելով կոտրված ապակու մեկ բեկոր, հարվածել է Խատոեւայի ձախ ձեռքին՝ պատճառելով միջին ծանրության վնասվածք:
Թեհմինե Վ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հերթական նիստը կկայանա մարտի 14-ին:




























