Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին եւ նրա ներկայիս կողակից Ֆրանչեսկա Պասկալեին հունիսին կարող են ամուսնանալ երկրի հարավում, դա մեդիամագնատի երրորդ ամուսնությունը կդառնա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով TMNews-ը:
Նշենք, որ Իտալիայի նախկին վարչապետ, մեդիամագնատ Սիլվիո Բեռլուսկոնին, որն այս տարի կդառնա 78 տարեկան, արդեն երկար ժամանակ է հանդիպում է Ֆրանչեսկա Պասկալեի հետ:
Իրենց նշանադրության մասին զույգը հայտնել էր 2011թ. Սուրբ ծննդին: Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Պասկալեն հայտնել էր, որ կարողացել է իրեն հրապուրել նախկին վարչապետին եւ մտադիր է շուտով ամուսնանալ նրա հետ: «Ընդհանրապես ես ամեն ինչ ինքս եմ արել եւ անում, իսկ նա միայն պետք է «այո» ասի», — հայտնել է նա:
Ավելի վաղ՝ փետրվարի կեսերին, Բեռլուսկոնին վերջնականապես օրինականացրել էր ամուսնալուծությունը իր երկրորդ կնոջ՝ Վերոնիկա Լարիոյի հետ: Կողմերի փաստաբանները ծանուցում էին ստացել ամուսնալուծության երկարատեւ գործընթացն ավարտվելու վերաբերյալ: Նրանք ամուսնացել էին 1990 թ. դեկտեմբերին: Սակայն, ըստ նույն աղբյուրների, միլիարդատերը շարունակում է կնոջ հետ դատը՝ ալիմենտների չափի պատճառով:




























