Երեւանի Կուրղինյան փողոցի 22-ամյա բնակիչ Վաղինակ Ո.-ն մեղադրվում է նախկին ընկերուհուն ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին: Վաղինակը Նոր Արեշ 35 փողոցի տներից մեկում խանդի հողի վրա վիճաբանել է նախկին ընկերուհու՝ Սիրանուշ Գ.-ի հետ, որի ընթացքում դիտավորյալ առանձին դաժանությամբ Սիրանուշին պատճառել է ուժեղ ցավ եւ մարմնական տառապանք:
Վաղինակ Ո.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 14-ին:




























