Վերաքննիչ դատարանն այսօր` մարտի 5-ին, «խոտի դեզի» գործով դատական նիստին  ապօրինություններ է թույլ տվել, ինչը պաշտպանական կողմի մոտ կասկածներ է առաջացրել  դատարանի անկողմնակալության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկող  տղաներից Արամ Մուղալյանի փաստաբան Վահե Գաբրիելյանը:

«Դատարանը, չգիտես ինչու, նույնիսկ չէր թողնում պաշտպանական կողմի միջնորդությունը հրապարակել, բայց մեղադրողի անհիմն միջնորդությունը լսեց և առանց պատճառաբանության բավարարեց այն»,-ասաց Վահե Գաբրիելյանը` նշելով, որ դատարանը չի ցանկացել լսել Ռոբերտ Փիլոյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի միջնորդությունը գործի նախաքննությունը ապօրինի համարելու, գործում առկա ապացույցները որպես ապացույց չդիտելու մասին:

Փոխարենը, ըստ փաստաբանի, դատարանը լսել և բավարարել է նախաքննության ընթացքում Արամ Մուղալյանից բռնությամբ կորզված բացատրությունը որպես ապացույց դիտելու մեղադրողի միջնորդությունը: Պաշտպանական կողմը առարկել է դատարանի գործողությունների դեմ և ժամանակ խնդրել` դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար: Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակով Քեմբրիջի համալսարանում ուսանած Արամ Մուղալյանն իր երեք ընկերների` Ռոբերտ Փիլոյանի, Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի հետ մեղադրվում էին Արմավիրի Նորապատ համայնքի բնակիչներից Սիաբանդ Խուդոյանի խոտը դեզը միտումնավոր ծխահարելու մեջ: Նրանց  դեմ քրեական գործ էր հարուցվել խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի մեղադրանքով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց մեղավոր ճանաչեց  հոկտեմբերի 15-ին և համաներմամբ ազատ արձակեց նիստերի դահլիճից: Նրանք դիմել են Վերաքննիչ դատարան` արդարացման վճռի հասնելու համար: