Զինված անձինք, ովքեր անցյալ հանգստյան օրերին ջարդ էին կազմակերպել չինական Յուննան նահանգում, ահաբեկչություն իրագործել որոշել են այն բանից հետո, երբ չեն կարողացել լքել երկիրը՝ արմատական իսլամիստների խմբավորումներին միանալու համար:

Կասկածյալների ենթադրյալ ծրագրերի մասին հայտնի է դարձել Ցին Գուանչժուն նահանգի կուսակցական կոմիտեի ղեկավարի շնորհիվ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The Associated Press-ին:

Հիշեցնենք, որ մարտի մեկի երեկոյան դանակներով զինված մարդկանց խումբը Կունմին քաղաքի երկաթուղային կայարանում հարձակվել էր  ուղեւորների վրա: Զոհվել էր 29 մարդ, ավել քան 130 վնասվածք են ստացել: Չինական իշխանությունները կատարվածն ահաբեկչական ակտ են անվանել, որի պատասխանատվությունը ույգուրյան անջատողականների վրա են դրել: Չորս ահաբեկիչների գնադակահարել է ոստիկանությունը, եւս չորսը վիրավորվել են:

Նշենք, որ չինական իշխանությունների տվյալներով Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզում գործում է « Արեւելյան Թուրքիստանի Իսլամական շարժում» ծայրահեղական կազմակերպությունը, որը Պեկին դասում է ահաբեկչական կազմակերպությունների շարքը: Խմբի վրա դրված է երկրի տարբեր շրջաններիում իրականացված հակաիրավական գործողությունների ու ահաբեկչությունների պատասխանատվությունը: