Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Կանադայի Մոնրեալ քաղաքի պատվիրակության հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությանեւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Համահայկական խաղերի անցկացումն իսկապես լուրջ խթան է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում. «Երեւանը համայն հայության մայրաքաղաքն է, եւ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր հայրենակիցների առջեւ: Նաեւ հաշվի առնելով, որ Մոնրեալը Երեւանի քույր քաղաքներից մեկն է, համոզված ենք, որ տեղի հայ համայնքի անմիջական աջակցությամբ երկու քաղաքների միջեւ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու գործնական ընթացք կստանա»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համահայկական խաղերի Մոնրեալ քաղաքի ատենապետ, Համահայկական համաշխարհային կոմիտեի անդամ Պողոս Փոլքիշյանն, օգտվելով առիթից, Երեւանի քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի նորընտիր քաղաքապետ Դենի Կոդերի ջերմ ողջույններով նամակը, որում վերջինս հույս է հայտնել, որ առաջին իսկ հնարավորության դեպքում երկու քաղաքապետերը կհանդիպեն ու կքննարկեն երկկողմ կապերի փոխշահավետ զարգացման ու ընդլայնման հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով գործընկերոջ նամակը փոխանցելու համար՝ Տարոն Մարգարյանն իր հերթին հյուրերին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետին պաշտոնական այցով Երեւանում հյուրընկալելու իր հրավերը՝ երկու քաղաքների միջեւ հարաբերությունների սերտացման հարցերն առավել հանգամանալի քննարկելու համար:




























