Համացանցում է հայտնվել Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի եւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Փայեթի զրույցի ձայնագրությունը: Հոլովակը տեղադրվել է YouTube կայքում մարտի 5-ին: Զրույցի ընթացքում Փայեթն Էշթոնին ասում է, որ մի ակտիվիստուհու խոսքով, Կիեւի կենտրոնում բախման ընթացքում գործող դիպուկահարներին կարող էին վարձած լինել ընդդիմության ինչ-ինչ առաջնորդներ:
Փայեթը եղել է Կիեւում ու տպավորությունները հայտնել՝ հիշատակել ոմն Օլգայի մասին, ով ամենայն հավանականությամբ Օլգա Բոգոմոլեցն է: Նրան անվանում էին Մայդանի գլխավոր բժիշկ ու պատմում էին, որ նրան անգամ առողջապահության նախարարի պաշտոնն են առաջարկել: Ստորեւ բերվում է այդ ձայնագրության հատվածը, որը վերաբերում է Կիեւի ողբերգական իրադարձություններին:
Ուրմաս Փայեթ. «Օլգան, ում մասին արդեն նշել եմ, ինձ ասաց, որ առկա ապացույցների համաձայն, Մայդանում երկու կողմից սպանված անձինք՝ ինչպես ոստիկաններն, այնպես էլ փողոցում գտնվող մարդիկ, սպանվել են միեւնույն դիպուկահարների կողմից: Նույն դիպուկահարները կրակում եւ այս, եւ այն կողմի ուղղությամբ»:
Քեթրին Էշթոն. «Այո, այո»:
Ուրմաս Փայեթ. «Նա ինձ ցույց է տվել լուսանկարներ ու ասել, որ բժշկական փորձագետներ ունի, ովքեր կարող են հաստատել, որ այդ սպանություններն իրականացվել են նույն ձեռագրով, միեւնույն տրամաչափի փամփուշտներով: Եւ ափսոսանքով ասել է, որ նոր կառավարությունը չի ցանկանում հետաքննել այդ սպանությունները, քանի որ գնալով ավելի լավ է հասկանում է, որ դիպուկահարների թիկունքում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկն, ով ներկայացնում է նոր կոալիցիան»:
Քեթրին Էշթոն. «Ես լսել են, որ նրանք հետաքննություն են ցանկանում անցկացնել: Հետաքրքիր է: Շարունակեք…»:
Ուրմաս Փայեթ. «Դա ծայրահեղ անհանգստացնող փաստ է: Այն ի սկզբանե հեղինակազրկում է նոր կոալիցիան»:
Քեթրին Էշթոն. «Նրանք պետք է շատ զգույշ լինեն: Մարդիկ լուրջ փոփոխություններ են պահանջում, սակայն անհրաժեշտ է, որպեսզի մեխանիզմը գործի: Նրանք պետք է միաժամանակ ակտիվիստ, բժիշկ ու քաղաքական գործիչ լինեն, դա շատ բարդ է: Նրանք գոնե մի քանի շաբաթ պետք է դիմանան, հետ ընտրություններն են»:



























