Բուդապեշտի հռչակագիրը ստորագրած չորս երկրներից երեքի՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային դիտորդներին անհապաղ ուղարկել Ղրիմ եւ Ուկրաինայի արեւելք:
«Նախարարները համաձայնել են միջազգային դիտորդներին շտապ Ուկրաինա ուղարկելու անհրաժեշտության վերաբերյալ եւ առաջին հերթին՝ Ղրիմ ու երկրի արեւելք»,- նշվում է համատեղ փաստաթղթում, որը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում:
«Երեք կառավարությունների ներկայացուցիչներն ընդգծել են Ուկրաինայի բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարեւորությունը: Նրանք ենթադրում են, որ միջազգային դիտորդները կարող են լուծել ոչ մշտական զինված ուժերի, բոլոր ուկրաինացիների նկատմամբ զինվորականների գործունեության վերաբերյալ հարցերը՝ անկախ էթնիկ ու լեզվական պատկանելիությունից»,- նույնպես նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլիամ Հեյգը եւ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրել Դեշչիցան երկու ժամ տեւած բանակցություններից հետո: Ռուսական կողմը հրաժարվել է մասնակցել այդ հանդիպմանը, հաղորդում է «Սվոբոդա» ռադիոկայանը:




























