Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերը դադարեցնելու մասին:
Այդ քայլը Վենեսուելայի բողոքների առթիվ Ամերիկյան պետությունների կազմակերպության արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ Պանամայի առաջարկության արձագանքն էր:
Հաղորդվում է, որ նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ Մադուրոն Պանամային մեղադրել է Վենեսուելայի դեմ դավադրության մասնակցելու մեջ:
Պանամայի նախագահ Ռիկարդո Մարտինելին ի պատասխան ասել է, որ զարմացած է Վենեսուելայի՝ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշմամբ:
Ըստ նրա՝ Պանաման միայն ցանկանում էր բարեկամական երկրին օգնել խաղաղություն ձեռք բերել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում մեկ ամիս է արդեն շարունակվում են Մադուրոյի կառավարության դեմ զանգվածային ցույցերը: Բախումների հետեւանքով զոհվել է 18 մարդ:




























