ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարեւոր գործերի քննչական վարչությունում` ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` քաղաքացիներ Վ. Գ.-ի եւ Գ. Մ.-ի կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Վ. Ա.-ից եւ Ն. Ս.-ից զգալի չափի գումար պահանջելու միջոցով շորթում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ մայրուղում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողը կանգնեցրել է քաղաքացի Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան եւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու փաստը չարձանագրելու համար ստացել է կաշառք, որի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններին կաշառք տալուց հետո քաղաքացիները իրենք էին գումար պահանջել ՃՈ աշխատակիցներից՝ սպառնալով, որ ամեն ինչ նկարահանված է:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 28-ին Վ. Գ.-ին եւ Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով եւ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:




























