Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա նշեց, որ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան:

Պահեստազորի գնդապետին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի  34-178-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ կետի (խարդախության փորձ, որը արվել է կաշառք ստանալու պատրվակով)  եւ 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերի (խոշոր չափերով կաշառք ստանալու պատրվակով կատարված խարդախություն)  հատկանիշներով:

Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար: Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր բեկանել կալանքը երկու ամսով երկարացնելու առաջին ատյանի դատարանի որոշումը: