Նյու Յորքում Մանհեթանի դաշնային դատարանը սկսել է Ուսամա բեն Լադենի փեսա Սուլեյման Աբու Գեյթի գործի քննությունը, որը մեղադրվում է Ամերիկայի քաղաքացիների սպանության նպատակով հանցավոր համաձայնության գալու մեջ:
Աբու Գեյթը Ուսամա բեն Լադենի ավագ դուստր Ֆաթիմայի ամուսինն է: Նախորդ տարվա մարտին նրան բռնել էին Հորդանանում, հետո ուղարկել ԱՄՆ: Քննիչները հայտարարում են, որ Աբու Գեյթը մասնակցել է 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում եւ Վաշինգտոնում հարձակումների կազմակերպմանը:
ԱՄՆ արդարադատության նախարարության ներկայացուցիչների պնդմամբ՝ 2001-ի մայիսից մինչեւ 2002թ. վերջերը Գեյթը ակտիվ համագործակցել է Ուսամա բեն Լադենի հետ, հանդես է եկել Ալ Քաիդայի անունից եւ հայտարարել, որ նմանատիպ հարձակումները կկրկնվեն: Ամբաստանյալն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները:




























