Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մարտի 4-ին շարունակվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերի քննիչ Մ. Ա. Բաբայանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված դիմումի քննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՔԾ Վանաձորի գրասենյակից:

Նշենք, որ վերջինս մերժել էր քրեական գործ հարուցել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայոց արծիվներ» ՀԿ-ի ղեկավար Խաչիկ Ասրյանի կողմից  ԱԺ պատգամավոր Զարուհի Փաստանջյանի եւ նրա հարազատների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա:

Այս գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր նախաքննության նյութերին ծանոթանալու եւ դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պատճառով: Դատաքննությանը պատասխանող ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւորագույն գործերի քննիչ Մ.Ա.Բաբայանը կրկին չէր ներկայացել, ինչը, սակայն, քննարկման առարկա չդարձավ դատարանի կողմից: Նախաքննության նյութերին ծանոթանալուց հետո դիմումատու Ա. Սաքունցը հայտնել է, որ դրանք հաստատում են կազմակերպության դիմումում ներկայացված հիմնավորումներն այն մասին, որ քննիչը ոչ բոլոր միջոցներն է ձեռնարկել օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու համար: Մասնավորապես, տրամադրված նյութերում չկա թե՛ Խաչիկ Ասրյանից, թե՛ Զարուհի Փոստանջյանից բացատրություն վերցնելու փաստը հաստատող որեւէ ապացույց: Ավելին, տրամադրված նյութերում կան զանգվածային լրատվական միջոցներից ներկայացված նյութեր, որտեղ Խաչիկ Ասրյանն մասնավորապես հայտարարել է. «Օտար ուժերին սեփական հոգին վաճառած Զարուհի Փոստանջյանին վերաբերող բոլոր հարցերը ինձ համար անցած թեմա են, պատմություն: Բայց կրկնում եմ եւ զգուշացնում՝ որեւէ մեկը, լինի իգական թե արական սեռի, ով այսուհետ եւս փորձի օտար պետություններում իմ պետության, իմ ժողովրդի, իմ նախագահի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարել, արժանանալու է ավելի կոշտ  եւ կոպիտ  պատասխանների եւ գործողությունների, որոնք ես հիմա չեմ մանրամասնի»:

Այնուհետեւ դատարանը դիմումատու Ա.Սաքունցին ուղղել է որոշ հարցեր, որոնց բնույթն ու տրամադրվածությունը վկայում էին դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին եւ արդեն իսկ կանխորոշում գործով կայացվելիք դատական ակտի ելքը:

Մասնավորապես, նախագահող դատավոր Մ. Մակյանը հետաքրքրվել է, թե արդյոք մինչ այժմ Զարուհի Փոստանջյանը շրջում է պահնորդական խմբով, որին ի պատասխան դիմումատուն հայտնել է, որ այդ մասին տեղեկություն չունի եւ խնդրին պետք է անդրադառնար նախաքննություն իրականացրած մարմինը՝ Զարուհի Փոստանջյանից վերցված բացատրությամբ: Դրան ի պատասխան դատարանը հետաքրքրվել է, թե Ա.Սաքունցը գործով ինչ սուբյեկտ է հանդիսանում: Դիմումատուն հայտնել է, որ ինքն անձ է, ով, իմանալով կատարված հանցագործության մասին, հաղորդում է ներկայացրել համապատասխան մարմնին: Դատարանը հարցրեց, թե արդյոք սպառնալիքները հնչեցնելուց հետո որեւէ գործողություն, որեւէ վտանգ իրականացվել է Խաչիկ Ասրյանի կողմից: Ա. Սաքունցը հայտնե; է, որ չի կարող այդ հարցին պատասխանել, քանի որ չի դիմել ոստիկանություն նման տեղեկատվություն ստանալու հարցմամբ:

Վերջնական խոսքում Ա. Սաքունցը մեկ անգամ եւս նշել է, որ Խաչիկ Ասրյանը կատարել է գործողություններ, որոնք չեն բխում իր պաշտոնեական լիազորություններից: Լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ Խ. Ասրյանը սպառնալիքներ է հնչեցրել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հասցեին, մինչդեռ ՀՀ-ում իշխանությունները գործում են տարանջատման սկզբունքով: Կատարված հանցագործության վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա վարույթն իրականացնող մարմինը չի կատարել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, բացատրություն չի վերցրել Խաչիկ Ասրյանից եւ Զարուհի Փոստանջյանից՝ խախտելով օրենքի առջեւ հավասարության սկզբունքը: Այդ իսկ պատճառով դիմումատուն դիմել է ՀՀ իշխանության երրորդ մարմնին այն ակնկալիքով, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացող մարմինը կպաշտպանի ՀՀ քաղաքացու շահերը: Դիմումատուն, խնդրեց բավարարել իր ներկայացրած բողոքը եւ գործն ուղարկել նախաքննության:

Դատարանը հեռացել է որոշում կայացնելու եւ կարճ ժամանակ անց հրապարակել է սույն գործով կայացված որոշումը, որով մերժեց կազմակերպության ներկայացրած դիմումը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է դատական ակտը բողոքարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: