Սանկտ Պետերբուրգում դռնապանները նեղոսյան կոկորդիլոսի կեսմետրանոց ձագի են գտել:
Կենդանուն հայտնաբերել են մարտի 5-ին՝ աղբավայրի տարածքում: «Ժիլկոմսերվիս» ընկերության աշխատակիցները կոկորդիլոսին ավազով ակվարիումի մեջ են տեղավորել, ջուր տվել եւ տավարի մսով կերակրել: Ընկերությունում նշել են, որ կոկորդիլոսի ձագը կերել է ամբողջ միսը եւ ավելի աշխուժացել:
Լենինգրադի կենդանաբանական այգում «Ժիլկոմսերվիս» ընկերության աշխատակիցներին խորհուրդներ են տվել կոկորդիլոսին պահելու վերաբերյալ, սակայն հրաժարվել են կենդանուն իրենց մոտ ընդունել: Կենդանաբանական այգում բացատրել են, որ նեղոսյան կոկորդիլոսները շատ մեծ չափերի են հասնում, մինչեւ 4 մ, եւ նրանց խնամելը դժվար է: Ձագը դեռ բարեկարգման բաժնի գլխավոր տնօրենի տեղակալի առանձնասենյակում է մնացել: Կենդանաբանական այգին խոստացել է օրերս վերջնական պատասխան տալ: Այս մասին մարտի 6-ին հայտնում է «fontanka.ru»-ն:
Ըստ մասնագետների՝ կոկորդիլոսը երեք-չորս օրական է: Ենթադրվում է, որ երբ նրան բերել են Պետերբուրգ, դեռ ձվի մեջ է եղել: Հնարավոր է՝ ձուն շփոթել են ջայլամի ձվի հետ:



























