Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին:
ԱԱԽ մամուլի գրասենյակից հայտնում են, թե դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ներկա վիճակը, տեղեկացնելով, որ արդեն ս.թ. փետրվարին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկել եւ հավանության է արժանացրել «Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկըե` հավելելով, որ ծրագիրն իրենից ներկայացնում է շուրջ 160 ուղղություններով բարեփոխումների շարունակում, որը ընդգրկում է Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր ոլորտները:
Այս համատեքստում Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի դառնալու կամուրջ ԵՄ-ի եւ Մաքսային միության միջեւ, քանի որ Հայաստանը Եվրամիության հետ ունի համագործակցության բավականաչափ փորձ:
ԱԱԽ քարտուղարը ներկայացրել է նաեւ Անվտանգության խորհրդի եւ նրա աշխատակազմի աշխատանքների առանձնահատկությունները, ուղղություններն ու նպատակները:
Արթուր Բաղդասարյանն ու Հանս Հորբախը քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:




























