Ռուսական RT հեռուստաալիքի եւս մեկ արտասահմանցի աշխատակցուհի ուղիղ եթերում դեմարշ է կազմակերպել: Հաղորդավարուհի Լիզ Ուոլը հայտարարել է աշխատանքից հեռանալու մասին՝ նշելով, որ անհնար է համագործակցել մի հեռուստաալիքի հետ, որը Կրեմլից է ֆինանսավորվում եւ «արդարացնում է Ուկրաինայում Պուտինի գործողությունները»:

Ուոլը պատմել է, որ Արեւմուտքում Ռուսաստանի իմիջը բարձրացնելուն կոչված  ռուսական հեռուստաալիքում աշխատելիս բարոյական եւ էթիկական բազմաթիվ խնդիրների է բախվել:  Նա մանրամասնել է, որ ժամանակին իր տատն ու պապը խորհրդային իշխանությունների պատճառով փախել են Հունգարիայից:

«Անձամբ ես չեմ կարող ռուսական կառավարության կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքի մաս կազմել, որը փորձում է արդարացնել Պուտինի գործողությունները: Ես հպարտ եմ, որ ամերիկուհի եմ, եւ հավատում եմ ճշմարտության հաղթանակին, այդ պատճառով էլ լուրերի թողարկումից հետո հեռանում եմ», - ասել է Ուոլը մարտի 5-ի երեկոյան՝ իր հաղորդման եթերի ժամանակ:

Իր հերթին RT-ի ղեկավարությունը հաղորդավարի գործողությունները որակել է ինքնագովազդ եւ գործընկեր Էբբի Մարտինին նմանակելու ձգտում, որը մեկ օր առաջ անհամաձայնություն էր հայտնել ռուսական կառավարության քաղաքականության որոշ բնագավառների վերաբերյալ, հայտնում է NEWSru.com-ը:

«Տարբերությունն այն է, որ տիկին Մարտինը խոսում էր սեփական թոք-շոուի համատեքստում, հադիսատեսների հետ, որոնք տարիների ընթացքում ծանոթ են իր տեսակետին: Երկար տարիներ տիկին Մարտինը դեմ է հանդես եկել  ԱՄՆ-ի ռազմական միջամտության դեմ, որն այսօր արհամարհում են լրատվական գործակալությունները: Սակայն մի մեկնաբանություն դրոշմվել էր որպես անհնազանդություն, այն դարձել էր սենսացիա: Դա հետեւելու գայթակղիչ օրինակ է », - ասվում է RT-ի մեկնաբանության մեջ:

Նշենք, որ Էբբի Մարտինը, որը քննադատել էր Մոսկվայի դիրքորոշումը Breaking the Set հեռուստահաղորդման եթերում, դառնալով սենսացիա, ի տարբերություն Ուոլի՝ չի պատրաստվոււմ հրաժարվել աշխատանքից: 

Russia Today հեռուստաալիքը ֆինանսավորվում է ռուսական բյուջեից: Ըստ ավելի վաղ համացանցում հայտնված պաշտոնական փաստաթղթի՝  2013թ. նախատեսված էր RT-ին հատկացնել 10 միլիարդ ռուբլի: