Ուր են հոսում բյուջետային միջոցները ու ինչպես են զվարճանում պաշտոնյաների «լակոտները»: Այս հարցին կրկին անդրադարձել է haqqin.az պարբերականը՝ համապատասխան հոդվածաշարում:

Այս անգամ լրագրողների թիրախը Պետական պահպանության հատուկ ծառայությա պետի՝ գեներալ-գնդապետ Վագիֆ Ախունդովի, որդի Մուրադն է:

«Այդ լակոտի կյանքը գեղեցիկ կյանի մասին ֆիլմ է հիշեցնում՝ նրա երեկույթների կայսրությունը սահմաններ չի ճանաչում: Գեներալ-գնդապետի միակ որդի Մուրադը ոչ թե օրեցօր է ապրում, այլ՝ երեկույթից երկույթ: Երեսունամյա Մուրադը եւս պաշտոնյա է: Նա աշխատում է արդարադատության նախարարությունում: Մուրադը նաեւ ունի ընկերություն, որը զբաղվում է երեկույթներ ու համերգներ կազմակերպելով՝ հիմնականում նրա եւ նրա ընկերների համար: Ուզում է «տժժալ» Pitbull –ի հետ, խնդիր չէ՝ նա «համերգով Բաքվում է»,-գրում է պարբերականը:

Սակայն ախորժակը տարիքի հետ ավելանում է եւ ամբողջ աշխարհը սկսում է չբավականացնել: Հաշվի առնելով, որ Մուրադը անընդմեջ զվարճանում է սկսած  14 տարեկանից, տեղական հավաքույթները պետք է որ ձանձրալի թվան նրան: Արդեն տարիներ շարունակ նա իր շքախմբով մեկնում է հանգստանալու Լազուրե ափ, կամ, առնվազն, Դուբայ: Ընդհանուր առմամբ, ակումբում Crystal շամպայնի մեկ շշի դիմաց հազար դոլարը սովորական երեւույթ է: Նա նաեւ սիրում է Porshe 911-ով շրջել Կաննի փողոցներով, այլ ոչ թե «լռվել» Բաքվի փոշոտ խցանումներում: Նա, բնականաբար, չէր կարող զերծ մնալ նաեւ խաղատներից:

Հենց այստեղ հեղինակը հիշում է, որ մինչդեռ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը փորձում է աշխարհին Ադրբեջանը ներկայացնել որպես հարուստ մշակույթով եւ մտավորական մարդկանցով երկիր, պաշտոնյաների զավակները իրենց վարքով խաչ են քաշում այդ ամբողջ աշխատանքի վրա:

«Պաշտոնյաների զավակներն արդեն չգիտե, թե ինչ լինեն իրենց «էլիտարությունից», նրանք խեղդվում են ավելի չունեւոր հասակակիցների նախանձի ու իրենց հայրերի ունեցվածքի մեջ»,-գրում է պարբերականը: