Ադրբեջանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվի՝ ուղղված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելուն: Այս մասին մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդիմե իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ գործը ՄԱԿ-ի իրավասությունների շրջանակում է և որոնվում է երրորդ երկիր, որը կհամաձայնի ընդունել հայ ռազմագերուն: «Հուսանք, որ Հակոբի նկատմամբ դաժան կտտանքներ չեն կիրառվում, ինչպես տարեց Մամիկոն Խոջոյանի: Միջազգային տեսանկյունից՝ Գերված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի համար լավագույն ելքը կլինի նրան երրորդ երկրին հանձնելը»,-ընդգծել է Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Մեկ օր անց նրան Բաքու են տարել: ԿԽՄԿ ներկայացուցիչները նրան կարողացել են այցելել գերությունից տասներկու օր անց:




























