Հայկական  «Արմենիա վայն» ՍՊԸ-ն 6.2 միլիոն դոլար կներդնի կոնյակի  արտադրությունում: Գործադիրը մարտի 6-ի նիստում հավանություն է տվել ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած  ԱԱՀ գումարների վճարման ժամկետը մինչև 2017թ.  հետաձգելու մասին: Ներկրումը կիրականացվի Իտալիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից:

«Արմենիա Վայն» ընկերությունը հիմնադրվել 2008 թվականին եւ արդեն 10 մլրդ դրամի ներդրում է կատարել Արագածոտնի գինու գործարանում:

Նոր ներդրումային ծրագրի նպատակն է ՀՀ-ում իրականացնել հայկական կոնյակի՝ առավելապես արտաքին շուկաների գրավմանն ուղղված արտադրություն: Դրա առաջին խմբաքանակը շուկայում կհայտնվի 2015-ի աշնանը:

Այսկերպ, ընկերության տարեկան արտադրանքի արժեքը կհասցվի 4,7 մլրդ դրամի: Ծրագրի շրջանակում 20 նոր աշխատատեղի ստեղծում է նախատեսվում՝ 188 հազար դրամ միջին աշխատավարձով (շուրջ 450 դոլար):