Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «քաղաքական պրովոկացիա» էր:

«Չի կարելի ժողովրդին հավաքել, ինչ ուզել ասել եւ հետո ասել` կհանդիպենք, երբ կհանդիպենք: Սա քաղաքական պրովոկացիա է»,- այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Լրագրողների հարցին, թե ինչ նպատակ էր հետապնդում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` «Մաքսային միությունն այլեւս անշրջելի փաստ է», ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրաժարվեց մեկնաբանել. «Չեմ էլ դիտարկում, ընդամենը Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունն էր հայտնում: Սա մեսիջ էր, որ ինքն էլ կարող է կառավարել այդ գործընթացները»:

Մարտի 1-ի հանրահավաքից անցել են օրեր, բայց հասարակությունն ու քաղաքական պաշտոնյաները շարունակում են քննարկել առաջին նախագահի «ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից» հարցադրումը: Գալուստ Սահակյանը նույնպես անդրադարձավ այս համեմատությանը:

«Գագիկ Ծառուկյանը մի բան էլ ավել է, բազմիցս ասել եմ: Իսկ հիմա ասեմ, որ մենք նախագահի փնտրտուքի մեջ չենք, որ համեմատություններ անենք»,- նշեց խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին կայացած հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը խիստ քննադատության եւ քննարկման առիթ էր դարձել ոչ միայն քաղաքական գործիչների, քաղաքագետների, այլեւ հասարակության շրջանում: 40 րոպեանոց ելույթից մասնավորապես հիշվում է հետեւյալ դրույթը. «Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաեւ պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաեւ խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում եւ Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաեւ Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիեւում)»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am