Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դեմ է, որ Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցվի բացօթյա սեզոնային սրճարան: Այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը` անդրադառնալով մշակույթի նախարարության` տաճարի տարածքում սրճարան կառուցելու որոշմանը:

«Ընդհանրապես չի կարելի որեւիցե նման բան անել: Նախ եւ առաջ ամբողջ տարածքն ուսումնասիրված չէ: Բացի դրանից ինչ-որ մեկը ցանկանում է էնտեղ բիզնես դնել: Անընդունելի է դա»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե «ինչ-որ մեկը» մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն է, Գալուստ Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ով է պատվիրատուն:

«Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն: Լավ էլ խոտ ա աճում, թող գան ուտեն գնան, բայց ոչ հուշարձանի տարածքում: Կողմնակից եմ, որ նման բաներ չկատարվեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ: