Թուրքական իշխանություններին ծանր կացության մեջ դրած գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակումները շարունակվելու եւ դրանց գագաթնակետը լինելու է  ՏԻՄ ընտրություններից 5 օր առաջ՝ մարտի 25-ին։

Ինչպես տեղեկացնում  է թուրքական Internethaber կայքը, Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կողմից ինտերնետում տեղադրվող Էրդողանի եւ իշխանությունների մյուս ներկայացուցիչների հեռախոսազրույցների ձայնագրություններին ավելի սկանդալային ձայնագրություններ են ավելանալու։

Նշվում է, որ մարտի 25-ին ինտերնետում հայտնվելու է այնպիսի ձայնագրություններ, որոնք այնպիսի հարված կհասցնեն Էրդողանին եւ շրպապատին, որ նրանք կամաչեն նույնիսկ փողոց դուրս գալ։

Թուրքական Sozcu-ն այս առիթով գրել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում խիստ անհանգստացած են այս փաստով եւ տագնապով են սպասում։

Նշենք, որ ավելի վաղ ինտերնետում էին հայտնվել Էրդողանի եւ Haberturk-ի սեփականատիրոջ միջեւ հեռախոսազրույցները, որում Էրդողանը հրահանգում էր, թե ինչ գրել թերթում, ինչպես նաեւ Էրդողանի եւ որդու՝ միլիոնավոր դոլարները թաքցնելու մասին հեռախոսազրույցների ձայնագրությունները։