2013թ. նոյեմբերի 30-ից Ուկրաինայում սկսված բողոքի ցույցերի զոհերի թիվը հասել է 100-ի: Այս մասին հայտնում է Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Ըստ օպերատիվ տվյալների՝ 2013թ. նոյեմբերի 30-ից Ուկրաինայի տարածքում զոհվել է 100 մարդ: 2014 թ. մարտի 5-ին Կիեւի քաղաքային №12 հիվանդանոցում մահացել է եւս մեկ տուժած, որը 2014թ. փետրվարի 28-ից բուժվում էր», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մարտի 6-ի ժ. 06:00-ի դրությամբ՝ փետրվարի 18-ի ժ. 10:20-ից Կիեւի կենտրոնում բախումները թեժանալուց հետո շտապօգնություն եւ առողջապահական հաստատություններ բուժօգնության համար դիմել է 1075 տուժած, որոնցից 698-ը տեղափոխվել է հիվանդանոց:
Կիեւի հիվանդանոցներում այժմ բուժվում է 216 մարդ:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին ՆԳՆ-ի հիվանդանոցում վախճանվել էր Կիեւիում ցույցերի ժամանակ վիրավորված մի ոստիկան:




























