ԵՄ անդամ երկրների առաջնորդները մարտի 6-ին հավաքվում են Բրյուսելում՝ Ուկրաինայի ճգնաժամը քննարկելու:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նախքան նիստի մեկնարկը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները Ուկրաինային եւ Ռուսաստանին պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեցնեն, ցույց տան, որ ԵՄ-ն կօգնի Ուկրաինայի ժողովրդին: ««Մենք պետք է Ռուսաստանի կառավարությանն ազդանշան ուղարկենք, որ նման գործողություններն անընդունելի են եւ հետեւանքներ կունենան»,- նշել է նա:

 Բրյուսել է ժամանել նաեւ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: ԵՄ-ի կայքում նշվում է, որ նա կոորդինացնող խորհրդակցություն  կունենա ԵՄ-ի Խորհդրի նախագահի, Եվրահանձնաժողովի նախագահի եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի հետ:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն «սառեցրել էր» ուկրաինացի նախկին 18 պաշտոնյաների հաշիվները, որոնց կասկածում են պետական գույքն ապօրինաբար յուրացնելու մեջ: 

Եվրահանձնաժողովն Ուկրաինային նաեւ խոստացել է մինչեւ 11 միլիարդ եվրո օգնություն՝ մինչեւ 2017թ. ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու եւ ԱՄՀ-ի բոլոր պայմանները կատարելու դեպքում: