Մշակույթի նախարարությունում մշակույթից հասկացող մարդ չկա, եթե կա էլ՝  ձայնազուրկ է, մարտի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ճարտարապետ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում պետական կառավարման ամբողջ համակարգը փոխել է պետք: «Բոլորն այժմ բիզնեսով են զբաղված, բոլոր նախարարությունները պետք է փակել՝ թողնելով միայն մեկ՝ բիզնեսի նախարարություն: Ժողովրդի մշակութային դեմքը ճարտարապետություն է, դա են առաջին հերթին տեսնում զբոսաշրջիկները: Հետեւաբար չի կարելի անուշադրության մատնել ճարտարապետական հուշարձանների պահպանության հարցը», - նշել է Քալաշյանը:

Նա հիշեցրել է, որ ճարտարապետական  կոթողները, այդ թվում նաեւ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, Երեւանի Փակ շուկան, երկար ժամանակ երկրի մշակութային հուշարձանների ցանկում էին, սակայն 21-րդ դարասկզբին դրանք  հանվել էին այդ ցուցակից:

«Զվարթնոցը» պատկանում է պետությանը եւ վարձակալության է հանձնված՝ շենքը պատշաճ շահագործելու պայմանով: Երբ որոշվեց օդանավակայանի նոր շենք կառուցել, ոչ ոքի մտքով չանցավ, որ ծագելու է հինը քանդելու հարցը», - նշել է ճարտարապետը՝ հավելելով, որ շենքը քանդելու հարցը վերջերս է բարձրացվել: Հանրային խորհուրդն առաջարկել է արգելել հին շենքը քանդելը: Որոշումը ներկայկացվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Մեկ շաբաթ անց մենք լրատվամիջոցներից իմացանք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ ՀՀ կառավարությունը համաձայնել են «Զվարթնոց» օդանավակայանին 2013-2017թթ. շինարարության նախագծին, որտեղ նշված է նաեւ հին շենքը քանդելու մասին», - ասել է Քալաշյանը: Նա հայտնել է, որ Հայաստանի ճարտարապետների միությունը նախագահ Սերժ Սարգսյանին տվյալ հարցով նամակ է ուղարկել, սակայն դեռ պատասխան չի ստացել: