Մանկապարտեզ հաճախող հնգամյա տղան, ում սիրելի զբաղմունքն է աղբի հավաքումն ու վերամշակումը, EBay-ում իսկական աղբատար մեքենա է գնել՝ վճարելով մոր կրեդիտ քարտով:

Տղան, ով երազում է ապագայում դառնալ աղբի վերամշակման գործարանի մենեջեր, խոստովանել է, որ սիրում է հետեւել, թե ինչպես են աղբահավաքները դատարկում իրենց տան մոտ գտնվող աղբարկղերը: Ուստի որոշել է գործի անցնել: Երբ մայրը համակարգիչը թողել է առանց հսկողության, դիտելով eBay ինտերնետ-աճուրդի ապրանքները, փոքրիկ Ուիլյամ Բեյթմանը սկսել է գնումներ կատարել:

Սակայն նրա երազանքին վիճակված չէր իրականություն դառնալ: երբ մայրը հայտնաբերել է, որ հաջողությամբ շահել է ինտերնետ-աճուրդում, արագ կապ է հաստատել կայքի ադմինիստրացիայի հետ՝ գործարքից հրաժարվելու համար, հաղորդում է FedPost.ru-ն:

Չնայած նրան, որ բեռնատար այդպես էլ ձեռք չի բերել, հնգամյա Ուիլյամն առաջվա պես հմայված է աղբով ու երազում է դրա վերամշակման գործարան գլխավորել: Արդեն հիմա նա ծնողների ընկերներին պատմում է թափոնների վերամշակման տեխնոլոգիաների մասին: